Ակնկալում ենք, որ այսուհետ կողքից դիտողի դերում չենք լինի. Արցախի ԿԳ նախարար
«Դուք գիտեք, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում ևս Արցախի հանրապետությունը առաջնորդվում է նույն իրավական կարգավորումներով, սկզբունքներով։ Մենք ակնկալում ենք, որ այսուհետ ոչ թե կողքից դիտողի դերում կլինենք, այլ ինքներս կմասնակցենք ցանկացած ծրագրի՝ հենց քննարկման փուլում»,- այսօր Երևանում Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։
Նախարարի կարծիքով՝ այսօր անհրաժեշտություն կա երկու հանրապետություններում էլ կրթական համակարգի բարեփոխումների։
«Պատրաստ ենք համատեղ աշխատել և լուծումներ գտնել։ Մենք խնդիրներ ունենք կապված մասնագետների վերապատրաստման հետ։ Իրականացվում են վերապատրաստման դասընթացներ, բայց դրանց սկզբունքներն ու նպատակը փոխելու անհրաժեշտություն կա։ Երկու հանրապետությունում էլ խնդիր կա փոքր համակազմ ունեցող դպրոցների մասով, ինչն Արցախում ավելի ընդգծված է։ Արցախում շատ դպրոցներ կան, որտեղ երեխաների թիվը չի անցնում քսանից, սա լուրջ խնդիր է՝ որակյալ կրթություն ունենալու համար»,- ասաց Նարինե Աղաբալյանը։
Նրա խոսքով՝ բոլոր լուծումները, որոնք եղել են մինչ այսօր, մասնակի են հարթել խնդիրը. «Այսօր մենք պետք է կարողանանք այնպիսի լուծում գտնել, որը մեզ հնարավորություն կտա և արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, և կարողանալ բոլոր երեխաների համար ապահովել մատչելի ու որակյալ կրթություն։ Գիտեք՝ մենք միացել ենք Բոլոնյան գործընթացին, բայց այդ գործընթացի բոլոր սկզբունքները կիրառելի չեն Արցախում՝ հաշվի առնելով առանձնահատկությունները, քանի որ մեր դպրոցները նաև անվտանգության խնդիր են լուծում»։
Արցախի ԿԳ նախարարը հայտնեց, որ այսօր Արցախում 216 դպրոց կա, մոտավորապես 23500 աշակերտ, և կա դպրոց որտեղ 5 աշակերտ է սովորում, դպրոց էլ կա՝ 1500 աշակերտով, իսկ այս տարբերությունը, նրա գնահատմամբ, բերում է որակի կորստի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները