ՀԷՑ-ի պատճառով բնակիչների մթերքը սառնարաններում փչացել է
Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակչների մեծ մասն արդեն մոտ 20 ժամ է էլեկտրաէներգիա չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օգտատեր Մեսրոպ Գրիգորյանը։
«Արդեն մոտ 20 ժամ է Զեյթունի մեծ մասում լույս չկա։ Սառնարաններում մարդկանց մթերքը փչացել է և էլ չեմ ասում մթերային խանութների կրած վնասների մասին։ Ըստ ինձ ճիշտ կլինի, որ տարածքի մթերային խանութները միանան իրար փաստաբան վարձեն և փոխհատուցում ստանալու պահանջով դատի տան Հայաստանի էլեկտրական ցանցերին»,- գրել է օգտատերը։
Հասկանալու թե ինչ խնդիր է առաջացել և ինչու բնակիչները շուրջ մեկ օր հոսանք չունեն, Panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից։
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 49 և 20 բաշխիչ կետերը տանող երկու մալուխ միանգամից վթարվել են։ Ամբողջ գիշեր տեղում աշխատել են, հիմա էլ աշխատում են, մոտ մեկ ժամվա մեջ կվերականգնվի բնակիչների էլեկտրամատակարարումը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ինչ վերաբերում է բողոքներին, նա նշեց, որ հիմնականում դրանք ստանում ենք զանգերի կենտրոնի միջոցով, գրավոր դիմում այս պահին չեն ստացել, հիմնական զանգերը եղել են բնակիչների կողմից։
Անդրադառնալով այս ընթացքում բնակիչների կրած վնասների հարցին, նա պատասխանեց. «Էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների կարգ գոյություն ունի, եթե համապատասխան ժամկետը գերազանցում է վթարի վերականգնման ժամկետը, ՀԷՑ-ը անկախ բնակչի բողոքից, փոխհատուցում է տրամադրում»։
Կարգն այսպիսին է. «Էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների գլուխ 4, կետ 28-ի համաձայն՝
Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան՝
1. Քաղաքային համայքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝
- այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից՝ 2 ժամում.
- Մյուս բոլոր դեպքերում՝ 4 ժամում,
2. Գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝
ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից՝ 2 ժամում.
3. բ. մյուս բոլոր դեպքերում՝ 8 ժամում»։
Սակայն, Հաղթանակ թաղամասի փորձը ցույց է տվել, որ ՀԷՑ-ը բնակիչներին այդպես էլ չի վճարում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը ցերեկը որոշ համայնքներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
- ՀԷՑ-ը Հաղթանակ թաղամասի բնակիչներին տույժ է վճարելու
- Հաղթանակ թաղամասում գրեթե ամեն օր վթարային անջատումներ են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան