Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է
ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, երկկողմ լարված հարաբերությունների պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին արգելել է մուտք գործել Միացյալ նահանգներ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։ Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։
Որոշումից հետո գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը։ Դրանում մասնավորապես ասված է եղել, որ Թուրքիայի կողմից հոգևորական Բրանսոնի անարդարացիորեն անազատության մեջ պահելը անընդունելի է Վաշինգտոնի համար։
«Նախագահ Թրամփը բացահայտ ասել էր, որ հոգևորական Բրանսոնը անհապաղ պետք է ազատ արձակվի»,-ասել է ամերիկացի նախարարը։ Վերջինս նշել է, որ Թուրքիայում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները։
Թեմայի մասին նաև մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Ըստ Փենսի՝ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ շարունակվելու են։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսը ժամանակավորապես սառեցրել էր ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։
Աղբյուրը հիշեցնում է, որ Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հոգևորական է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսության մեղադրանքով:
Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
- Թուրքիայում ամերիկացի հոգևորականին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում