Միխայիլ ֆոն դեր Նոննեն հին Երևանում
Երևանը, ավելի ճիշտ հին Երևանը գեղեցիկ էր։ Գեղեցիկ էր իր շենքերով, այգիներով։ Այսօր այդ շենքերից որոշները չկան. քանդել ու դրանց տեղը նորն է կառուցվել, կամ կան՝ աղավաղված, ճարտարապետական անհասկանալի ու անճաշակ լուծումներով։ Երևանում աշխատել են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ճարտարապետներ՝ միասին, մեկը մյուսին լրացնելով ստեղծելով այն, ինչ այսօր արդեն անվանում ենք Հին Երևան։
Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկն ուսումնասիրելով` երեք-չորս օտարազգի ճարտարապետների անուններն էլ նկատեցինք։
Նրանցից է Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ, պետական խորհրդական, գնդապետ, քաղաքային խորհրդի դեպուտատ Միխայիլ ֆոն դեր Նոննեն (մայիսի 12, 1838 - ապրիլի 12, 1919):
Միխայիլ ֆոն դեր Նոննեն ծնվել է 1838 թ. մայիսի 12-ին Պետերբուրգի գավառում։ 1854 թ. հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության՝ փոխտեղակալի կոչումով։ 1859 թ. հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում, 1861 թ. հուլիսի 25-ին՝ տեղակալի կոչում։ Եղել է վաշտի հրամանատար և մասնակցել 1863 թ. կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան, 1871 թ. օգոստոսի 30-ից՝ կապիտան։ 1868 թ. տեղափոխվել է Երևան։ 1884 թ. հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-1909 թթ. Եղել է Երևանի գլխավոր ճարտարագետ։ 1898 թ. 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի՝ բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։ Մահացել է 1919 թ. ապրիլի 12-ին՝ 81 տարեկան հասակում։ Թաղված է Բաքվի լյուտերանական գերեզմանատանը։
Երևանում մի շարք հասարակական և մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում Երևանի բանտ (1800-ական թթ) (կանգուն չէ), Արական գիմնազիայի շենք՝ Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցում (1881 թ.), Միխայիլ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները Գուբերնսկայա (ներկայումս՝ Հանրապետության) փողոցում (1895 և 1876 թթ), Արական գիմնազիայի շենքը՝ Նազարովսկայա (ներկայումս՝ Ամիրյան) փողոցում (1896), Մուրթուզ Ղուլի խանի եկամտաբեր տունը (1900 թ.), Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը (1907 թ.)։
Այսօրվա Երևանում Ֆոն դեր Նոննեի ճարտարապետական գործերից քիչ թե շատ սկզբնական տեսքով պահպանվել է Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը, արական գիմնազիան, որտեղ ներկայումս շինաշխատանքներ են ընթանում և երկու բնակելի շենքերը՝ 1895 թ. և 1898 թ.:
Պետության կողմից պահպանվող հուշարձաններում ցուցակում ընդգրկված է Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը, Արական գիմնազիայի շենքը, բնակելի տուն (1895 թ.):
Նախկին Գուբերնսկայա փողոցում գտնվող շինությունները պատկանում էին եկամտաբեր տների դասին և նախատեսված էին վարձակալության հանձնելու համար։ Առաջին շենքի նախագիծը մշակվել էր 1895-ին, նույն թվականին իրականացվել է նաև շինարարությունը, և 1896թ.-ից սկսած շենքը «Եվրոպական համարներ» անվանմամբ վարձակալության էր հանձնվում։ Այստեղ առաջարկվում էին կահավորված սենյակներ և սնունդ։ Երկրորդ շենքի նախագիծը հաստատվել է 1898-ին, իսկ հաջորդ տարի շինությունը հատկացվել է Պոլտավայի գնդին՝ եկեղեցական կարիքների համար։ 1916-ին երկու շենքն էլ վաճառվել են Ազիզյանցներին (archive.li):
Արական գիմնազիայի շենքը կառուցվել է 1896 թվականին, հետագայում ծառայել է որպես Ա. Իսահակյանի անվան գրադարան մինչև 2005 թ.: Շենքի աջ թևը ապամոնտաժվել է 1950-ականներին, Կառավարական N2 շենքի կառուցման ժամանակ: 1970-ների վերջին շենքի ձախ հատվածում կառուցվել է լրացուցիչ ծավալ: Այսօր պահպանվել է միայն արական գիմնազիայի ճակատային հատվածը։
Շուստովի (Թաիրյանի) Գինու-կոնյակի գործարանի համալիրը կառուցվել է 19 դ. վերջին - 20 դ. սկզբին։ Այն ունեցել է տարբեր մասնաշենքեր, այդ թվում նաև սպիրտի զտման մասնաշենքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան