Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը
«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նա երեկ այցելել էր Կարեն Ղազարյանի ծնողներին:
«Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-մանրամասնել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ կոմիտեն Կարեն Ղազարյանի հետ տեսակցելու մասին հայտարարեց այսօր:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, նա որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան