ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
Նույն օրը հիշյալ գործի շրջանակներում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են