Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն է եղել, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները: Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Այստեղ նախարար Ռոստոմյանը հանդիպել է նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, ում հետ քննարկվել են հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար:
«Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար», - ընդգծել է Ռոստոմյանը:
Նախարարի հաջորդ կանգառը N2 հանգստյան տան տարածքն է եղել, որտեղ նա ծանոթացել է տեղանքի պայմաններին և հնարավորություններին: Նա շրջել է նաև Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած մի շարք հանգստյան գոտիների և լողափերի տարածքով:
Գեղարքունիք կատարած աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարարը եղել է Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը: