Կրասնոյարսկի երկրամասում 18 մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով
Կրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, կործանվել է Մի-8 ուղղաթիռը։ «Ռիա նովոստի»-ին՝ տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղում անելով գրում է, որ վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:
UTair ռուսական ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը տեղափոխելիս է եղել «Վանկոր» ընկերության աշխատակիցներին:
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ուղղաթիռում է եղել անձնակազմի երեք անդամ և 15 հերթափոխային աշխատող: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է գտնել երկու «սև արկղերը», որոնց վիճակն ուսումնասիրվում է:
Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի կործանման պատճառ էր կարող դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը: