Արագածոտնի Ավան համայնքի 90 ընտանիք կունենա որակյալ ջուր
Արագածոտնի մարզի Ավան համայնքի 90 ընտանիք այսուհետև կունենա որակյալ ջուր: 280 տնտեսություն ունեցող համայնքում մոտ 60 տարի առաջ կառուցված ջրագիծն արդեն մաշվել և հնացել, և Ավանի ղեկավարությունը, հանդիպելով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ, առաջարկել էր վերակառուցել այն:
Համայնքի ղեկավարությունը, բարձրաձայնելով խնդրի մասին, նաև պատրաստակամություն էր հայտնել ջրագծի վերակառուցման գործում կատարել սեփական ներդրում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում վերակառուցել է հին ջրագծի ջրամբարը, անցկացրել նոր խողովակներ:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից հայտնում են, որ նախագծի իրականացման շնորհիվ գյուղի 90 ընտանիքի կեսնամակարդակը զգալիորեն կբարելավվի: Նոր ջրագծից եկող ջուրը ավանցիները կօգտագործեն անասնաբուծության, հողագործության և կենցաղային կարիքները հոգալու համար:
«Նախագծի իրականացման շնորհիվ ջրով արդեն ապահովված կլինի համայնքի բնակիչների 80%-ից ավելին, ինչպես նաև կավելանա կենդանիների մթերատվությունը և այգիների բերքատվությունը»,-ասել է Ավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հին ջրագծից ջրի կարուստը հասնում էր մինչև 70%-ի:
Աղբյուրը նշում է նաև, որ ընդհանուր առմամբ, 2013 թ. օգոստոսից մինչև 2018 թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 40 ենթակառուցվածքային ծրագիր, ևս երկուսն ընթացքի մեջ է: