Մեկնարկել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը
Մեկնարկել է «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտևի շուրջ մեկ ու կես ամիս։ Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան հայտնի «General Electric» ընկերությունը։ Ծրագրի արժեքը 18,8 մլն. եվրո է։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի վերակառուցում՝ MXL-2 դասի։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գրպվ/կՎտժ-ից կնվազի մինչև 252,8 գրպվ/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով:
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել է և ներառվել առևտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը հույս է հայտնել, որ «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում
- Վերազինումը կնպաստի «Երևանի ՋԷԿ»-ի արտադրական ցուցանիշների բարելավմանը
- Երևանի ՋԷԿ նոր էներգաբլոկը 2018 թ. կհագեցվի գազատուրբինների նորագույն ձեռքբերումներով
- Երևանի ՋԷԿ-ում կիրականացվի ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում