«Մարիաննա»-ի սեփականատիրոջ որդին դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի, 26-ամյա Ժորա Վարդանյանը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։
Քրեական գործը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ժորա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 9ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն 1943թ. ծնված Մարիա Գրիգորյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր:
Ժորա Վարդանյանը մինչև դատաքննությունն սկսվելը միջնորդել է արագացված ընթացակարգով գործը քննել և հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատախազը, ով մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր դրա արագացված ընթացակարգով գործը քննելու դեմ, դատարանում փոխել է իր դիրքորոշումը և չի առարկել:
Ժորա Վարդանյանի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով՝ բեկանել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը և որոշում կայացնել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի դիմաց վրաերթի գործով 26-ամյա վարորդը ձերբակալվել է
- ՔԿ. Կենտրոնական բանկի դիմաց տեղի ունեցած վրաերթի գործով քննչական գործողություններ են իրականացվում