Մատաղիսի անառիկ դիրքերն ու անվտանգության պահապանների առօրյան
Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմաններն ամուր են ու պաշտպանված հայ զինվորի ու սպայի անքուն գիշերներով, անվերապահ նվիրումով ու զինծառայության բարձր կարգապահությամբ:
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամիավորման պահպանության դիրքերում ենք: Առաջին հերթին աչքի է զարնում դիրքերի կարգապահությունը՝ մաքրությամբ, հարմար դասավորվածությամբ:
Բոլոր դիրքերում կային գրքերի պահոցներ, թեկուզ փոքրաթիվ, բայց կար: Հարցին, թե այստեղից որևէ գիրք կարդացե՞լ եք, զինվորներից մեկը, ով Հովո ներկայացավ ասաց՝ գիրք կա, որ երկու անգամ են ընթերցել:
Գրեթե բոլոր դիրքերում կային մարզվելու հարմարություններ, մի դիրքում անգամ բազմաֆունկցիոնալ մարզասարք կար: Հարցին, թե ժամանակ ունենում եք մարզվելու, ասացին, որ անընդհատ են մարզվում: Մարտական հերթապահության խնդիրներ իրականացնելուց զատ, զորամասը բավականին ակտիվ է սպորտմասսայական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ ու մրցանակներ նվաճելու առումով: Զորամասի շտաբում գավաթների քանակով պայմանավորված՝ դրանք ցուցադրված են երկու սրահում:
Դիրքերից մեկում այցելությունը համընկավ սնվելու ժամի հետ: Հրավիրեցին ճաշի: Չմերժեցինք: Ինչ խոսք, շատ համեղ էր: Հարցրեցինք, ամեն օր այսպես համե՞ղ եք սնվում, գորիսեցի զինվորն ասաց. «Ինչպես որ ծառայում ու պահպանում ենք դիրքը, այդպես էլ սնվում ենք, մեր մոտ ամեն ինչ համով-հոտով է»:
Այցելեցինք նաև «Կալգոտկա» անվանումով հայտնի մարտական դիրք: Դիրքում տեղաշարժը բացառապես խրամուղով էր, հակառակորդը դիրքի երեք կողմերում է: Կարծես թերակղզի լիներ, որը մխրճված է հակառակորդի տարածքում: Զինվորների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք գիտակցելով պահպանության բոլոր նրբությունները շատ լավ էին տիրապետում իրենց առջև դրած խնդրին ու դրանց կատարման օպերատիվությանը:
Նշենք, որ դիրքերը հագեցված էին տեսադիտարկման սարքերով, որոնք ըստ զինվորների անխափան աշխատում են:
Մեր այցելության ժամանակ ջերմաչափը ցույց էր տալիս 38 աստիճան տաքություն: Սակայն ծարավը հագեցնելու համար զինվորից խնդրածս ջուրը սառը թվաց: Հարցնում եմ, սառնարան ունեք, ասաց՝ բնական սառնարան է. ու ցույց տվեց այն հորը, որտեղ ջուրը սառնորակ էր մնում:
Դիրքերում զինվորները եղբայրանում են. առաջին հերթին պահպանում են միմյանց, այնուհետև նոր դիրքի ու հայրենիքի սահմանների անվտանգությունը:
Ինչ խոսք, հայրենիքի սահմանների պահպանության անվտանգությունը հուսալի ձեռքերում է: