Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետ
«Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա։ Դա բացարձակապես անթույլատրելի է»,- այս մասին այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է. «Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:
Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին:
Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 8 սմ-ով
- Սևանի ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման. բնապահպան
- Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը
- ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում