«Փաստինֆո». Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը՝ 120 000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանը, դիմելով նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին, ասաց. «Խցում երկու մահճակալ կա ազատ, որից մեկը քոն է լինելու: Պայքարելու եմ ինչքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու…»։
Ըստ աղբյուրի, դատավոր Բարսեղյանը նույնիսկ դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դողացող ձայնով իր դատավճիռը հրապարակող նախագահողի վրա. «Ապօրինի դատավճիռ է կայացնում, դրանից էլ ձայնը դողում է, ողբամ քեզ հայոց աշխարհ»:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:
Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին, դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Այսպիսով՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:
Ելնելով դատավորի կարգավիճակից, որ նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա, նախաքննական մարմնի կողմից դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել էր:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդել էր Բարսեղյանին դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի համար միջնորդել էր մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն ՀՀ քրեական օրենսգքրի 72-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նրա նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը՝ նկատի ունենալով, որ վերջինս առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցանք և հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:
Իշխան Բարսեղյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավորի պաշտոնն է զբաղեցրել 1999 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանական խումբը հետաքրքիր զարգացումներ է խոստանում
- Մեկնարկել է դատավոր Իշխան Բարսեղյանի դատավորությունը
- Դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հարցը դեռ քննարկվում է. «Հրապարակ»