Գեղարդ տանող ճանապարհից հեռացման է ենթակա մոտ 3000 խմ լեռնային և հողային զանգված
Այսօր շարունակվում են Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում՝ դեպի Գեղարդ վանական համալիր տանող ճանապարհահատվածի վտանգավոր ժայռաբեկորի հեռացման աշխատանքները։ Panorama.am-ին այս մասին տեղեկացրեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ից նշված ճանապարհահատվածը փակ էր ձախ շեպի ժայռի փլուզման և քարաթափման պատճառով։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, իրականացրել համապատասխան միջոցառումներ։
Գողթ համայնքի բնակիչ Վաղինակ Թադևոսյանն առաջինն էր, որ տեսել էր փլուզումը։ Նա նշում է, որ նշված տեղում քարաթափումներ, փլուզումներ հաճախ են տեղի ունենում, և հույս ունի, որ այս անգամ վերջնականապես հարցը կլուծվի։
«Օգոստոսի 4-ի լուսադեմին ես մոտակայքում աշխատում էի, մի քանի քար ընկավ ճանապարհին, մտածեցի գնամ, վերցնեմ։ Բարեբախտաբար, չգնացի։ Մեկ-երկու րոպե հետո ուժգին ձայն լսեցի, ու փլուզում տեղի ունեցավ»,- պատմում է Վաղինակ Թադևոսյանը։
Օգոստոսի 4-ին և 5-ին նշված հատվածում պայթեցման աշխատանքները կատարել են «Նորտեխշին» ընկերության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Վաղինակ Թադևոսյանը նշում, որ իրականացված պայթեցումները որևէ մեկին վնաս չեն պատճառել, չեն անհանգստացրել, բնակչությունն էլ նախապես տեղեկացված է եղել իրականացվող գործողությունների մասին։
Այսօր նշված վայրում անցկացվում են արհեստական քարաթափման աշխատանքներ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը նշեց, որ իրենց նպատակը խնդրին վերջնական լուծում տալն է։ Նրա խոսքով, նշված հատվածում ենթակա է հեռացման մոտ 3000 խմ լեռնային և հողային զանգված, որից մոտ 1500 խմ-ն արդեն իջեցվել է։