Եղեգնաձորում մինչ օրս անհայտ ամրոցներ են արձանագրվել
«Շատ արդյունավետ տարի էր, հատկապես Եղեգնաձորի շրջանում մեր համատեղ արշավախմբերի աշխատանքների շնորհիվ մեծ քանակությամբ մինչ օրս անհայտ ամոցներ ենք արձանագրվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով, դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ք.ա 2-րդ հազարամյակի վերջի և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին:
«Այդ հուշարձանների մի զգալի մասն ունեն Վանի թագավորության շրջանի շերտեր: Արքաների կողմից կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- նշեց նա։
Պ. Ավետիսյանն ասաց, որ այս տարվա ծրագրով նախատեսվում է նաև ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնք հիմնականում պաշտամունքային կառույցներ են, մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավարության շրջանին:
«Արևմտյան Հյաստանի տարածքում հսկայական քանակով փաստագրվել են, ուսումնասիրել են, Հայաստանի տարածքում նոր ենք սկսում այդ աշխատանքները»,- հավելեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։
Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենց արած ծրագրերը երեք ուղղվածություն ունեն. «Երբ նոր հուշարձան ենք գտնում, ստուգողական պեղումներ ենք իրականացնում՝ հասկանալու հուշարձանի ժամանակագրությաւնը, մշակութային դրսևորումները, որպեսզի կարողանանք հիմնավորել, որ հուշարձանն արժանի է մտցնել պետական ցուցակ։ Այսինքն նախ լուծում ենք գիտական, պահանության խնդիր»։
Նա նշեց, որ ֆիքսած հուշարձանների մեջ սկսել ենք ընտրել, սիստեմատիկ պեղել այն հուշարձանները, որոնք բավարարում են իրենց գիտական խնդիրներին, դիտարժան են, կարող են դառնալ զբոսաշրջային հուշարձաններ։