Պետնախարար. Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը
Անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հայտարարել է Արցախի Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետ այցելության ժամանակ:
Այստեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում:
Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի:
Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո հետո պետնախարարն ուղևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղին կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում:
«Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլանելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ գերակշռել են Արցախի տարածք ներմուծումներն ու արտահանումները Վարդենիս-Մարտակերտ մայրուղով
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար