Քարաշամբում 250-ից ավելի դամբարան պեղված է. Պ. Ավետիսյան
«Քարաշամբում մաքրվել է 500-ից ավելի դամբարան, 250-ից ավելի դամբարան պեղված է, հանված է ահռելի քանակությամբ ոսկրաբանական նյութ»,-լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նա նշեց, որ Քարաշամբի դամբարանները թվագրվում են մ.թ.ա. 15-րդ դարից մինչև մ.թ. 9-8-րդ դարերով։ Պ. Ավետիսյանն ասաց, որ հիմնականում ուսումնասիրվել է միջինբրոնզեդարյան դամբարանները։
«Միջինբրոնզեդարյան թաղման ծեսի ուսումնասիության համար կարևոր է հասկանալ, թե ոսկրաբանական ինչ նյութ կա այնտեղ դրված։ Սովորաբար միջին բրոնզի թաղումներում արևելյան պատի տակ խոշոր եղջերավորի գանգեր էին դրված լինում, վերջույթի ոսկորներ։ Միշտ ասել են, որ ցլեր են զոհաբերել։ Պարզվեց՝ կովեր են։ Բացի այդ միջինբրոնզեդարյան դամբարաններում արձանագրվել են ձիու ոսկորներ»,- նշեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։
Պ. Ավետիսյանի խոսքով, միջին բրոնզե դարի հասարակության մասին մշտապես պատկերացում կա, որ տեղից տեղ են շարժվել. «Մեր իզոտոպային անալիզի միջոցով կարող ենք հասկանալ՝ այդ կենդանիները տեղից տեղ շարժվել են, թե ոչ, այսինքն պահողը հեռու տեղեր է տարել, թե անմիջական հարևանությամբ է արածացրել։ Դրանով մենք պատկերացում կունենանք՝ արդյոք հեռագնա անասնապահության հետ գործ ունենք, քոչվորների հետ գործ ունենք, թե տեղում ապրած մարդկանց հետ։ Այսինքն, բացի այն, որ թաղման ծեսի ինչ-ինչ խնդիրներ կլուծենք, նաև այդ հասարակության ապրելակերպի մասին շատ տվյալներ կպարզվեն»։
Միաժամանակ նա հավելեց, որ դեռ նոր 10 դամբարանի նյութ են մշակել, մինչդեռ խոսքը հայուրների մասին է, արդյունքը տարիներ հետո նոր կարող են դարձնել գիրք, մեծ հոդվածներ, իսկ առայժմ տվյալների բազան են ստեղծում։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան