Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է Հայաստանում՝ «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
2018թ․ օգոստոսի 3-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է «Inspired by Her (IBH) Academy» նախագիծը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC)։ Հայաստանում նախագծի իրագործմանն աջակցում է «Ռոստելեկոմ» ընկերությունը։
Ընկերությունից հայտնում են, որ «Inspired by Her Academy»-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները: Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ և զարգացնելու կառավարման հմտությունները:
Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդելու և առաջնորդելու են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։
Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակիցներին առցանց ողջունել է IBH նախագծի ղեկավար Օլգա Կեգորեանը և հաջողություններ մաղթել բոլորին։ Մասնակից երիտասարդներին ողջունել է նաև «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը, ով խոսել է նմանօրինակ նախագծերի մասնակցության կարևորությունից յուրաքանչյուր երիտասարդի կամ ուսանողի համար, ինչպես նաև նախագծի հայաստանյան ղեկավար Վեներա Առաքելյանը ներկայացրել է նախագծի շրջանակներում մասնակիցների անելինքներն ու ծրագրերը։ Նախագիծը հյուրընկալած ISTC կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Իննա Ամիրխանյանը ևս բարի երթ մաղթեց մասնակիցներին։
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝
- Առաջին փուլում մասնակիցները ձեռք են բերում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ փորձառու մասնագետներից ամենատարբեր թեմաների շուրջ՝ մարքեթինգ, մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ, սոցիալական ձեռներեցություն և այլն։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվում ընդհանուր գաղափարների շուրջ և սկսում աշխատել թիմերով։
- Երկրորդ փուլը մենթորային ծրագիրն է․ մասնակիցները իրենց գաղափարը վերածում են ծրագրի և սկսում են իրականացման նախագծումը։
- Երրորդ փուլում արդեն ծրագիրը ներկայացվում է ժյուրիին։ Ընտրվելու է լավագույն ծրագիրը և լավագույն մասնակիցը։ Ծրագիրը կեզրափակվի ավարտական երեկույթով՝ միավորելով բոլոր շահառուներին: Լավագույն շրջանավարտին հնարավորություն կընդձեռվի մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրի արտերկրում` 6 շաբաթ ապրելու, սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Փոխանակման ծրագրի համար կտրամադրվի ամբողջական ֆինանսական աջակցություն։
Հայաստանում նախագիծը տևելու է երեք ամիս և ավարտին հանրությանը կներկայացվի հաղթող մասնակցի անունը։
Օգոստոսի 1-ից նախագիծը զուգահեռաբար մեկնարկել է նաև Պակիստանում՝ գրեթե նույն ծրագրով։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ի ուսանողական ծրագրի հաղթողը
- «Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը
- ԹՈՒՄՈ ամառային ճամբարը այս տարի ևս անմոռանալի ու տեխնո օրեր է պարգևում երեխաներին. «Ռոստելեկոմ»
- «Այբ» դպրոցի սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմ»-ի գրասենյակում
- Նոր շահավետ առաջարկ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար՝ «PUZZLE»
- Մեկնարկել է «Ռոստելեկոմի» և «Այբ» դպրոցի համատեղ նախագիծը
- Հուշագիր՝ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև