Ու՞մ է հաճոյանում նախարարը
«Աշակերտին որևէ մեկը պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բանն այն է, որ նախարարի խոսքով՝ «սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում»։
Այսինքն՝ առաջինը աշակերտին պարտադրելու իրավունք չունենալն է, մյուսը՝ սոցիալական խնդիրը։
Սկսենք վերջից. Դպրոցական համազգեստը հենց սոցիալական խնդիրը քողարկելու համար է։ Որպեսզի դպրոց գնալը պահարանի հարց չդառնա, իսկ դասարանում տարբեր հագուստների քննարկումը չշեղի դասից կամ բարդույթներ չառաջացնի, առաջ է եկել դպրոցական համազգեստի անհրաժեշտությունը։
Կարելի է առաջին-երկրորդ դասարանի երեխաներին ազատ հագուստ թողնել կրել հարմարության համար, մինչև սովորեն կեցվածքը պահել, ուղիղ նստել, դասաժամերի երկարությանը դիմանալ։ Ընդ որում՝ բոլորին հարմար է շալվարների կրումը։
Ինչ վերաբերում է բարձր դասարաններին, նախարարը երևի չգիտի անգամ, որ մարզերի շատ երեխաների համար դպրոցական համազգեստը երկրորդ հագուստն է ու այլ հագուստների բազմազանություն ծնողները հիմնականում չեն կարող ապահովել երեխաների համար։
Դպրոցական համազգեստների մասին երկակի կարծիք կա՝ առաջինը նշեցի վերևում, երկրորդը՝ իբր միանման հագուստը չի կարող օժանդակել երեխայի յուրօրինակ զարգացմանը։
Ես սրա հետ թերևս համաձայն չեմ՝ համազգեստը ինչպես մաքուր թուղթ՝ ինչ ուզում ես գրի, ուզում ես յուրօրինակ, ուզում ես՝ ընդհանուր։ Եթե այստեղ ավելացնենք, որ Ճապոնիայում աշակերտները պարտադիր համազգեստ են կրում ու ունեն վառ երևակայություն ու բարձր գիտելիքներ, գուցե ՀՀ ԿԳՆ նախարարը իր ուշադրությունը սևեռի ավելի կարևոր բանի՝ ուսուցման որակի՞ վրա։
Էլ չկրկնենք հագուստների բազմազանության դիֆիցիտի մասին։ Ի դեպ՝ հոգեբանները հակված են այն կողմը, որ համազգեստի կրումը ավելի շատ +ներ ունի, քան՝ -ներ։
Հիմա ենթադրենք նախարարը համազգեստների մասին երկրորդ կարծիքն ունի։ Այդ դեպքում՝ ինչ է նշանակում, թե աշակերտին «ոչ ոք չի կարող պարտադրել»։
Ո՞ւմ է ուզում հաճոյանալ նախարարը։
Երեխաներին, ովքեր փողոց դուրս եկան հեղափոխական քանա՞կ ապահովելու համար։ Դա՞ է նախարարի գործը ու սկզբունքը։ Գուցե մի օր էլ դասարանական ու տնային աշխատանք կատարելու պարտադրա՞նքը արգելվի։
Հասկանալի է, որ նախարարների՝ ժամանակավոր պաշտոն զբաղեցնելը չի նպաստում օրենքների, մեթոդների, կանոնադրությունների, պարտականությունների ուսումնասիրման ցանկությանը։ Բայց գուցե հենց ուսմամբ ու աշխատասիրությա՞մբ նախարարը օրինակ ծառայի աշակերտներին։
Անահիտ Ոսկանյան
լուսանկարում՝ Տոկիոյի դպրոցականները գնում են դպրոց
տեսանյութում՝ աշխարհի տարբեր երկրների դպրոցական համազգեստներ՝ տեսանյութի հեղինակի ռուսերեն մեկնաբանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան