«Իմ քայլ»-ի օգնությամբ «Լույս»-ի 18 շահառուի կրթաթոշակի հարց կլուծվի
«Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված 18 դիմորդների առաջին տարվա կրթաթոշակների պակասող գումարները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
««Իմ քայլը» հիմնադրամը փորձեց ամեն ինչ անել «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդների հետ կապված, ովքեր հիմնադրամի գործունեության դադարի պատճառով մնացել էին, այսպես ասած, օդում կախված և չգիտեին ինչպես վարվել: Մենք մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք՝ ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի կարողանանք ապահովել նրանց կրթաթոշակները: Բայց քանի որ գիտեք «Իմ քայլը» հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է, մենք դիմեցինք մեր հայտարարած գործունեության մյուս տեսակին, այսինքն կամուրջ դարձանք և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում «Լույս»-ից 18 հոգու կարողացանք ապահովել իրենց պակասող կրթաթոշակով»,- պատմեց Հակոբյանը:
Նա նշեց, որ բացի այդ 18 հոգուց, կրթաթոշակի հետ կապված ֆինանսավորում կստանան ևս չորս հոգի, ովքեր «Լույսի» շահառուներից չեն. «Եվս հինգ երեխայի հարց քննարկվում է: Բայց ուզում եմ խնդրել բոլորին և նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով բոլորի կրթաթոշակների հարցին լուծում տալ: Մենք արդեն սկսել ենք քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ՝ հասկանալու ինչպես պետք է այս հարցը հիմնավոր ու ստաբիլ լուծում ստանա, քանի որ այն ինչ տեղ ունեցավ այս շաբաթների ընթացքում ստեղծված իրավիճակում հնարավորինս արագ ու անցնցում ելք էր»:
Աննա Հակոբյանը մանրամասնեց, որ 220 հազար դոլար տրամադրել է «Վիտալի Գրիգորյան» հիմնադրամը, 200 հազար՝ դոլար ՀԲԸՄ-ն, կանադահայ գործարարից՝ 70 հազար դոլար և անանուն բարերարից ևս: Ընդհանուր 517 հազար դոլարի ներդրում է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամը
- «Լույս» հիմնադրամի՝ Հարվարդի համալսարանն ավարտած ուսանողուհին մտադիր է տեղափոխվել Հայաստան