Դա Վինչիի գծով փորձագետը կասկածում է նկարի իսկությանը
Օքսֆորդի համալսարանի արվեստաբան և պատմաբան Մեթյու Լանդրուսը, որը մասնագիտացած է Լեոնարդո դա Վինչիի կտավների վրա, վստահ է, որ ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով վաճառված «Աշխարհի փրկիչը» կտավը պատկանում է ոչ թե դա Վինչիի, այլ նրա օգնականի վրձնին։
Ինտերֆաքսը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ փորձագետի կարծիքով, կտավի իրական հեղինակը դա Վինչիի աշակերտ և օգնական Բերնարդինո Լուինին է, որի աշխատանքները աճուրդում վաճառվում են առնվազն 1 միլիոն դոլարով։ Փորձագետը ճշտել է, որ Լեոնարդոն ամեն դեպքում աշխատել է նկարի վրա, սակայն նրա վրձնին է պատկանում գլուխգործոցի 5-20 տոկոսը։
«Սա Լուինիի աշխատանքն է։ Եթե ուսումնասիրենք Լեոնարդոյի տարբեր աշակերտների աշխատանքները, կարելի է այս կտավում տեսնել Լուինիի ձեռքը»,- կարծում է Լանդրուսը։
Կտավը նոյեմբերին վաճառվել է Christie's աճուրդում, այն ներկայացվել է որպես դա Վինչիի աշխատանքներից մեկը, որոնցից աշխարհում 20 հատ է հաշվվում։ Սաուդյան արքայազնը գլուխգործոցի համար 450 միլիոն դոլար է վճարել։ Սպասվում է, որ այն սեպտեմբերին կցուցադրեն Աբու- Դաբիի Լուվրում։
2019-ին կտավը կներկայացվի Փարիզի Լուվրում։