Երևանի ուսուցչական սեմինարիատից՝ համալսարանի «սև շենք»
Աբովյան 52 հասցեում (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող սև տուֆից շենքը՝ «սև շենք», կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով:
Ի սկզբանե այդտեղ գործել է Ուսումնական հաստատության շենքը. Երևանի ուսուցչական սեմինարիան, որը հիմնադրվել է 1881 թվականին։ Մանկավարժական ուսումնական հաստատությունը ուսուցիչներ էր պատրաստում տարրական դպրոցների համար։ 1881-1895 թվականին սեմինարիան ունեցել է 123 շրջանավարտ (67 հայ, 25 ադրբեջանցի, 10 վրացի, 8 ռուս, 13 այլազգի)։
Երևանի ուսուցչական սեմինարիատում դասավանդել են հայ, ռուս, ուկրաինացի, ադրբեջանցի, առաջավոր մանկավարժներ (Վ․ Դևրիցկի, Ս․ Սուսնովսկի, Ս․ Բեկնազարյան, Ա․ Մելիքյան)։ Սովորել են Գ․ Աղաջանյանը, Տ․ Սարուխանյանը, Շ․ Ամիրխանյանը և ուրիշներ։
1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, և ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող և այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր (armeniasputnik.am)։ Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1938 թ. վերակառուցվել է և ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը:
1915 թվականին սեմինարիայի շենքը զբաղեցրել է կայազորը, իսկ ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Արմավիր և հետագայում վերածվել ուսուցչական եռամյա դասընթացի։
1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
1920-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան:
Շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Այժմ այս շենքում գործում է Երևանի պետական համալսարանի երեք ֆակուլտետ:
Ճարտարապետ, շինարար, ճանապարհաշինարար, ջրաշինարար, բարերար Վասիլի Միրզոյանը (1863, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1925, Երևան,), ավարտելով Թիֆլիսի և Մոսկվայի ռեալական վարժարանները՝ ինժեներական կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական շինարարության ինստիտուտում։ 1892 թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի բերումով գործուղվել է Ֆինլանդիա։ Մեկ տարի անց՝ 1893 թ. բնակություն է հաստատել Երևանում։ 28 տարի շարունակ պաշտոնավարել է նահանգային վարչությունում, ուր միակ հայ բարձրաստիճան մասնագետն էր։
Միրզոյանի առաջին նախագիծը Երևանում կառուցված Նիկոլաևյան եկեղեցին էր (գտնվել է Շահումյան հրապարակիտարածքում)։ Սակայն սկսված աշխատանքներն անհայտ պատճառներով ավարտել է ճարտարապետ Կիտկինը։ 1900թ. պարսից շահի Երևան այցելության առիթով Միրզոյանին էր հանձնարարվել վերանորոգել ճանապարհները և տներ նախապատրաստել հյուրընկալության համար։ Այդ աշխատանքները գերազանց կատարելու համար շահը Վասիլի Միրզոյանին պարգևատրել է «Առյուծ և Աստղ» շքանշանով։
Հասարակական շենքեր ու առանձնատներ նախագծելիս Միրզոյանը համադրում էր ռուսական կլասիցիզմը և հայկական ճարտարապետության ավանդույթները։ Նրա ղեկավարությամբ վերակառուցվել և տեխնիկայով է հագեցվել Երևանում առաջին պրոֆեսիոնալ թատրոնի շենքը՝ Ջանփոլադյանի թատրոնը։
Իբրև քաղաքաշինարար՝ Միրզոյանը մեծ տեղ էր հատկացնում քաղաքի կանաչապատմանը։ Երևանի առաջին զբոսայգին, որ մինչև օրս կոչվում է Անգլիական զբոսայգի, վերակառուցվել է Վասիլի Միրզոյանի նախագծմամբ։ Սակայն Միրզոյանն առավել հայտնի է Երևանը խմելու ջրով ապահովող խողովակաշարի և Երևանի առաջին ձիաքարշի գծի շինարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի քանդակագործի ու ճարտարապետի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանը
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն ու ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովան
- Նիկոլայ Բաևը՝ հին Երևանում
- Միխայիլ ֆոն դեր Նոննեն հին Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան