Ցուցակում ընդգրկված Սպայի տունը, որը քանդեցին
Նալբանդյան 20բ հասցեում գտնվող «Ակումբի շենքը. Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն), (Սպայի տուն)» հուշարձանը չնայած այն հանգամանքին, որ ընդգրկված էր Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր չկա։ Այն քանդվեց, տեղում կառուցված է նոր շենք։
Ե. Ջանփոլադյանի հայտնի թատրոնը, որտեղ գործում էր Բ. Ջանիեբկայնի «Գրանդ իլիուզիոն» կինոթատրոնը, գտնվում էր Տեր-Ղուկասովսկայայի փողոցում (ներկայումս` Վազգեն Սարգսյան- Նալբանդյան): Նալբանդյան 20բ հասցեում գտնվող Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ կային նաև որմնանկարներ. կառուցվել է 1842թ., 1882թ. (ճարտարապետներ Ե. Բոգուշևիչ, Կ. Հովհաննիսյան): 1923թ. շենքն ազգայնացվել է և հանձնվել որպես ակումբ Կարմիր գվարդիականներին և մինչև 2005-2006թթ. եղել է Սպայի տուն:
Սպայի տան շինարարությունը սկսվել է դեռևս 1839 թ. Նիկոլայ Առաջին ցարի կողմից հաստատված «Անդրկովկասի գավառական ուսումնարանների համար» կազմված նախագծով։ Այն ի սկզբանե ծառայել է իբրև առաջին պետական գավառական ուսումնարան, ուր 1843-1848 թթ. որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։
1870 թ. սեպտեմբերի 19-22-ը այստեղ տեղի է ունեցել Երևանի նորաստեղծ քաղաքային դումայի դեպուտատների անդրանիկ ընտրությունը, իսկ 1881 թ. նոյեմբերի 8-ին բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիան։
1903 թ. հայ բարերար Եսայի Ջանփոլադյանը գնել է Սպայի տունը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք (ճարտարապետներ Վ. Միրզոև, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա. Կանդրաշևի նախագծով՝ Արքունական թատրոնի դեկորատոր Ա. Նովակի ղեկավարությամբ)։ «Իլյուզիոն» կինոթատրոնը, որն առավել հայտնի էր երևանցիներին Ջանփոլադյանի թատրոն անվամբ, բացվել է 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանում էին հյուրախաղերի։ 1913թ. հենց այս թատրոնում է տեղի ունեցել «Անուշ» օպերայի երևանյան պրեմիերան կոմպոզիտորի մասնակցությամբ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլք։
Մինչև 1992 թ. եղել է ԽՍՀՄ ԶՈՒ 7-րդ բանակի Երևանի կայազորի Սպայի տուն, 1992 թվականից Հայաստանի Հանրապետության ԶՈՒ Երևանի կայազորի Սպայի տուն։ ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թ. նոյեմբերի 9-ի հրամանով դարձել է ՀՀ ՊՆ Սպայի տուն։
2005 թվականին շենքը կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ և քանդվել։ Դրա տեղում այսօր գործում է «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնը։
Արդեն գրել ենք, որ Երևանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին աշխատել են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ճարտարապետներ, քանդակագործներ, ու մեկը մյուսին լրացնելով ստեղծելով այն, ինչ այսօր արդեն անվանում ենք Հին Երևան։ Նրանց թվում է Միխայիլ ֆոն դեր Նոննեն, Նիկոլայ Բաևը, Ժաննա Մեշչերյակովան, Իվան Ժոլտովսկին, Սերգեյ Մերկուրովը, ինչպես նաև սպայի տան ճարտարապետ Ե. Բոգուշևիչը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ուսուցչական սեմինարիատից՝ համալսարանի «սև շենք»
- Հայտնի քանդակագործի ու ճարտարապետի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանը
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն ու ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովան
- Նիկոլայ Բաևը՝ հին Երևանում
- Միխայիլ ֆոն դեր Նոննեն հին Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան