ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի ներգրավվածության մասին
Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք մարտի 1-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նշեց, որ դա նախաքննական գաղտնիք է:
Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է նրան, ՀՔԾ պետն ասաց, որ մեղադրանք չի առաջադրվել. «Խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, եթե որևէ մեկին մեղադրանք առաջադրվի, տեղեկությունը կհրապարակվի»:
Անդրադառնալով նախկին վարչապետի եղբոր՝ ձերբակալված Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրելուն, Սասուն Խաչատրյանն ասաց, որ նա այժմ ունի կասկածյալի կարգավիճակ և կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ:
ՀՔԾ պետը պարզաբանեց նաև Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքի և Մարտի 1-ի կապը. «Տեղեկատվություն կա, բազմիցս խոսվել է, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։
Հարցին՝ կասկածում են, որ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցնե՞րն են այդ զենքը կիրառել, Սասուն Խաչատրյանն ասաց՝ դա վարկած է, որ պետք է ստուգվի նախաքննության ընթացքում։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հարցաքննության հնարավորության մասին, ինչին ի պատասխան ՀՔԾ պետը հայտնեց, որ նախկինում էլ մի քանի անգամ ասել է՝ հարցաքննվելու են բոլոր անձինք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ. «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»։
Նա նաև նշեց, որ Սեյրան Օհանյանին, որը 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։
Դիտարկմանը, թե մամուլում նշում են նաև Գագիկ Ծառուկյանի մասին, Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել. «Բազմաթիվ վարկածներ կան, որոնք ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում խոսել վարկածների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարկած կա, որ մարտի 1-2-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքերով են կրակել. ԱԱԾ տնօրեն
- Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան