Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը
Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան և rafting.am սպորտային ակումբը համատեղ կազմակերպում են Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը` Դեբեդ գետում օգոստոսի 11-ին։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, rafting.am սպորտային ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության նպատակն է նպաստել ռաֆթինգ սպորտաձևի և նրա՝ որպես ազատ ժամանցի ձևի հանրայնացմանն ու զբոսաշրջային պրոդուկտ զարգացմանը:
«Այս սպորտաձևով մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական և հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների խնդիրներին: Ռաֆթինգի առաջին առաջնությունը կընդգծի այն կարևոր հանգամանքը, որ բնությունը կարելի է օգտագործել՝ միաժամանակ չվնասելով այն»,- ասաց նա:
Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջնությունը կմեկնարկի Ալավերդի-Ախթալա միջպետական ճանապարհի միջնամասում:
«Առաջնությունը կորպորատիվ բնույթ է կրելու, մասնակցելու են բիզնես, պետական, միջազգային, մասնավոր, բանկային կազմակերպությունների թիմեր: Խրախուսվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թիմերում: Հաղթող թիմը կպարգևատրվի պատվոգրով ու գավաթով, ինչպես նաև հնարավորություն կունենա Հայաստանում և արտերկում հետագայում կազմակերպվող ռաֆթինգի ազգային ու միջազգային առաջնությունների: Առաջնության ընթացքում հանգանակված գումարի 30 տոկոսը կուղղվի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների բնապահպանական կրթության ու ազատ ժամանցի կազմակերպմանը ռաֆթինգի և արշավների կազմակերպման միջոցով»,- մանրամասնեց սպորտային ակումբի հիմնադիրը:
Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հայտնեց, որ առաջնությանը կմասնակցի նաև Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիան:
Կարևորելով այս սպորտաձևի զարգացումը Հայաստանում նա նշեց, որ ֆեդերացիան անվտանգության կանոնների հետ կապված աշխատանքներ են տարել ու շարունակում է տանել, քանի որ այն էքստրեմալ մարզաձև է և ունի իր վտանգները:
«Առաջնությունը կուղեկցվի պրոֆեսիոնալի կողմից, կպահպանվի անվտանգության բոլոր նորմերը: Մենք համագործակցում ենք թե սպորտի, թե արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որպեսզի ոլորտը լինի կարգավորված»,- ասաց Մակար Սարգսյանը:
Ինչ վերաբերում է առաջնությունը գնահատող հանձնաժողովին, նա հավելեց, որ բացի ռաֆթինիգի պրոֆեսիոնալների դրա կազմում կլինի սպորտի նախարարության ներկայացուցիչն ու հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչը՝ Վազգեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան