Նախարար. Սակավահող և սակավաջուր երկրում ապագան ինտենսիվ գյուղատնտեսությանն է
«Ագրոպարենային արտադրության բնագավառի ցանկացած ձեռնարկություն, լինի դա սպանդանոց, չորանոց, ջերմոց, կաթի մթերման արտադրամաս, կարող է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ: Շուկայական տոկոսադրույքը 11 տոկոս է, 7-ը սուբսիդավորում է պետությունը, այսինքն՝ 4 տոկոսով կարելի է ձեռք բերել սարքավորում»,-նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Նոր Գեղիի գյուղատնտեսների հետ հանդիպմանը:
Նա նշել է՝ վարկը տրամադրվում է 8 տարի մարման ժամկետով:
«Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում, իհարկե, ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է: Մենք պետք է օգնենք թե նրանց, ովքեր այդ ճանապարհով առաջին քայլերն են անում, թե մեր գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք կարողանան ավելի բարձր մակարդակի հասցնեն իրենց տնտեսությունները, ավելի ճիշտ կարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշում են, որ Նոր Գեղի վարչական համայնքում Արթուր Խաչատրյանը հանդիպել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները: Գյուղացիները տեղեկացրել են, որ համայնքում առաջնային է ոռոգման ջրի հարցը: Անդրադառնալով թեմային՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իրականում Կոտայքում ոչ թե ոռոգման ջրի, այլ՝ ոռոգման ռեսուրսների կառավարման խնդիր ունեն:
«67 մեծ, միջին և մանր համայնք ունեցող մարզում բոլոր բնակավայրերին մեկ միությամբ հավուր պատշաճի սպասարկելն իրականում անհնար է: Միայն տարալուծման, ապակենտրոնացման ճանապարհով մենք կարող ենք կառավարչական իմաստով մեղմել իրավիճակը»,-ասել է մարզպետը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի խնդիրը կկարգավորվի:
Մարզպետը նաև դրական է գնահատել գյուղատնտեսական տարին՝ բնական աղետներից չեն տուժել, առատ և բարձրորակ բերք են ստացել, այժմ էլ մտածում են, թե ինչ քայլեր ձեռնարկեն, որ օգնեն գյուղացուն իրացման հարցում: