Փաշինյանի կառավարության օրոք մաքսատուրքերի ազատման գործիքով հավանություն է ստացել 6 ծրագիր
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հրապարակեց ամփոփ տեղեկատվություն՝ կապված 2015թ-ի սեպտեմբերից առ այսօր ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ մաքսատուրքերի ազատման գործիքով հավանության արժանացած ծրագրերի մասին:
Նախարարի փոխանցմամբ, մաքսային ազատումների գործիքով հավանության է արժանացել շուրջ 68 ծրագիր։ Ընդհանուր ներդրումային փաթեթը, ըստ նրա, եղել է 668 մլն դոլարի չափով, իսկ ներկրվող սարքավորումները գնահատվել են 84 մլրդ դրամ:
«Ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը եղել է 6 հազար 214, մոնիտորինգը ցույց է տվել, որ այս պահի դրությամբ ստեղծվածները 4 հազար 45-ն են»,- հայտնեց Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից երեք ամիսների ընթացքում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ մաքսատուրքերի ազատման գործիքը իրականացվել է 6 ծրագրի վրա: Արդյունքում, ընդհանուր ներդումները կազմել են 42 մլն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը՝ 12 մլրդ դրամ և ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը՝ 609:
Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներկայիս կառավարության օրոք ԱԱՀ-ով հավանության է արժանացել 4 ծրագիր՝ 5,26 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով, որտեղ սարքավորումները 1,87 մլրդ դրամի չափով են, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206:
Կառավարությունը, ըստ նրա, այսօր քննարկում է ևս 450 աշխատատեղերի ստեղծման ներդրումային ծրագրերի փաթեթ: