Նիկոլ Փաշինյան. Ի՞նչ է, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք ու թալանի դեմն առնե՞նք
«Եթե մեր ոտքի տակ աղբ է նետված, ապա մեզանից յուրաքանչյուրը չպետք է սպասի, որ վարչապետը գա, էդ աղբը հավաքի, կամ մարդ ուղարկի աղբը հավաքելու համար»,-Տավուշի մարզի Բերդ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք ու անմնացորդ, բայց կարևոր է, որ փոփոխություններ տեղի ունենան նաև քաղաքացիների մոտեցումներում:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ինքն է որոշում, թե Բերդը ինչպիսի քաղաք է: Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ մարդիկ, ժողովուրդը տեր կանգնի իր իրավունքին, հեղափոխություն անի: Հիմա վարչապետի կարգավիճակում նույն բանն եմ ես անելու: Հնարավորություն ենք ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք հզոր պետություն կունենանք, երբ մեզանից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը»,-ասաց կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նշեց մի օրինակ, բողոք է ստացել, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաներից փող են վերցնում:
«Գալիս են ասում, որ անանուն նամակ է, մեկդ եկեք, հաստատեք փաստը, արմատախիլ կանենք այն, խստագույնս կպատժենք մեղավորներին: Ոչ մեկ, նույնիսկ բողոքողը չի հաստատում, կոնկրետ դեպք չեն նշում: Ի՞նչ է, կներեք արտահայտությանս համար, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք ու թալանի դեմն առնե՞նք: Չի լինի այդպես»,-ասաց նա: