Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով.
Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Ա.Գաբրիելյանը ՊԵԿ փոխնախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 22-ին:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Արա Գաբրիելյանը ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցոմ անդրադառնալով Արա Գաբրիելյանի մասին մամուլի հրապարակումներին՝ մասնավորապես նշել էր, թե խոսում են, որ նա Ամերիկայում ինչ-որ դատական գործով է անցել, բայց դա իրենց ընդհանրապես չի հետաքրքրում:
«Մենք պետք է գնահատենք, թե ՀՀ օրենսդրությամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված, մեղադրյալ կամ որևէ այդպիսի կարգավիճակ ունի, թե ոչ: Այսինքն՝ իրավական տեսանկյունից ինքը այդ պաշտոնում նշանակման խնդիր ունի՞, թե ոչ: Երկրորդ, ինչ հանգամանքներում է եղել, որ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը, որ ունի անխափան իրավական համակարգ, իրեն ուղղակի ասել են՝ գնա ձեր երկիր, այսինքն՝ չեն դատապարտել, կամ եթե նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել են, ինքն ամբողջությամբ կրել է այդ պատիժը և մարված է համարվում այդ պատիժը ԱՄՆ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ ինքը որևէ պատիժ կրած անձ չի հանդիսանում»,- ասել էր ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով, մնացածն արդեն հուզական դաշտից է. «Արդյոք այդ GPS սարքը, որ օգտագործել է, որքանով է իրականությանը համապատասխանում: Դե հիմա օգտագործել է մարդը: Առաջին անգամ GPS սարք է օգտագործել ինչ-որ մի մեքենայի հետագիծն ուսումնասիրելու համար: ԱՄՆ օրենքներով, եթե երեխայի նամակը ծնողը բացում է, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում: Հիմա եթե մեկին դրա համար պատասխանատվության են կանչում, մենք պետք է գնահատենք՝ դա օրինակ ՀՀ օրենսդրությամբ համարվո՞ւմ է քրեորեն պատժելի»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կադրային նշանակումները չարդարացնեն իրենց, ուրեմն ես ՊԵԿ-ում անելիք չունեմ. Դավիթ Անանյան
- «Ժամանակ». ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան