Հայաստանում հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկում
2018թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 16.7% և 11.8% գնանկումը: Մրգի ապրանքախմբում 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 12.6%, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 16.7% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 13.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.1 տոկոսային կետով:
Ըստ վիճակագրության, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.5%, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.7% գնանկումը:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ գրանցվել է 16.8%, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 4.8% գնանկում:
Ինչ վերաբերում է մսամթերքի գներին, 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2018թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.9-0.6%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում), 3-ում գրանցվել է 0.1-0.4% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.1%-ով:
2018թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի 0.1% գնանկում: Իսկ 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 7.3%-ով, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 1.1%-ով:
2018թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է յուղերի և ճարպերի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.4% գնաճ (վերջինը պայմանավորված է ծխախոտային արտադրատեսակների 0.9% գնաճով):