Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամը որոշ չափով թուլացնել. տնտեսագետ
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, քանի որ մեր տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
«Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները մեզ համար ևս կարող են լինել բացասական, քանի որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է»,- ընդգծեց նա:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների դեմ, որոնք ներդրումներ կանեն պետական պարտատոմսերում, իսկ դա նշանակում է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի ֆինանսական համակարգին:
«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի խոշոր բանկերի դեմ, և երրորդ երկրների սուբյեկտներին արգելվում է գործարքներ անել այդ բանկերի հետ: Սա ևս լուրջ հարված կլինի»,- ասաց տնտեսագետը:
Այսպիսով, ըստ նրա, այդ ամենն անխուսափելիորեն հանգեցնելու է ռուբլու արժեզրկմանը։
«Ռուբլին արդեն 4,5 տոկոսով արժեզրկվել է, և եթե պատժամիջոցներն աշխատեն, ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու, ինչը մեծ շոկ կարող է առաջացնել: Դա կհանգեցնի գնաճի, ներդրումային ծրագրերի կասեցմանը, բնական է կնվազեն նաև մարդկանց եկամուտները»,- ասաց տնտեսագետը:
Բնականաբար, ըստ նրա, այդ ամենից կտուժի նաև Հայաստանը. «Պատժամիջոցների հետևանքով, վերջին չորս տարիներին Ռուսաստանը կորցրել է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ինչը կազմում է մոտ 400 մլրդ դոլար, իսկ բնակչության եկամուտները կրճատվել են մոտ 12 տոկոսով: Բնական է, որ նվազելու են նաև արտագնա աշխատողների եկամուտները, ինչի հետևանքով կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները: Հայաստանից հիմնականում արտագնա աշխատանքի մեկնում են Ռուսաստան և մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսից ավելին ստացվում է այդ երկրից»:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ խնդիրներ կառաջանան նաև արտահանման մասով, բացի այդ, պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Հայաստանում Ռուսաստանից կատարվող ներդրումների վրա:
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստան ներմուծվող ապրանքները հնարավոր է էժանանան, այդ թվում՝ ալյուրը, ցորենը, դեղորայքը և այլն, սակայն այս դեպքում տնտեսագետը կարծում է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է լուրջ վերահսկողություն իրականացնի, որպեսզի ներկրողները գերշահույթներ չստանան:
Անդրադառնալով թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկմանը, Ատոմ Մարգարյանը նշեց, որ այժմ երկիրը «տուրբուլենտ» վիճակում է, պատժամիջոցների նոր փաթեթներ է պատրաստում ԱՄՆ-ը և այսօր Թուրքիան կանգնած է ներքին ցնցումների առաջ:
«Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 300 մլն դոլար, և այս դեպքում հիմնական ռիսկերը կապված են ներկրվող ապրանքների հետ: Թուրքիայում գնաճ կա և ակնկալվում է, որ Հայաստան ներկրվող ապրանքները ևս թանկ կլինեն: Ուստի, ներկրողները պետք է երրորդ շուկաներում լուծումներ փնտրեն՝ մասնավորապես Չիանստանում, Հնդկաստանում, Եվրոպական երկրներում»,- ասաց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը արտաքին շոկերին դիմակայելու համար պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Մասնավորապես, ըստ նրա, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամի կայուն դիրքերը որոշ չափով թուլացնել, այսինքն՝ այն, ինչ անում են Բելառուսն ու Ղազախստանը. «Հենց ռուբլին արժեզրկվում է, այդ երկրները զուգահեռ արժեզրկում են իրենց ազգային արժույթը, որպեսզի իրենց արտահանողների վրա չընկնի ամբողջ բեռը: Հնարավոր է դրամի արժեզրկումով խնդիրներ առաջանան բյուջեի կատարման, պետական պարտքի սպասարկման առումով, բայց պարտքի սպասարկման մասով կարող են հավելյալ հնարավորություններ փնտրել, իսկ դրանք կան: Խոսքը վերաբերում է կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարին և այլն»: