Նիկողայոս Նիկողոսյանն իր նշանակալի դերն ունի հայ քանդակի ձևավորման պատմության մեջ. ՀԱՊ
«Հայկական քանդակագործության նշանավոր դեմքերից է Նիկողայոս Նիկողոսյանը: Ապրելով ու ստեղծագործելով հայրենիքից դուրս՝ նա կարողացել է պահպանել ազգային մտածողությունը, իր նշանակալի տեղն ու դերն ունենալ հայ քանդակի ձևավորման և զարգացման պատմության մեջ»,-Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում գրել է պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը։
Հիշեցնենք, որ քանդակագործ , ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը մահացել է նախօրեի։ Նա 99 տարեկան էր։
«Նիկողոսյանը հմտորեն իրեն է ենթարկում նյութը: Չկա նախընտրելի նյութ նրա համար, սակայն կարևոր է նյութի հատկությունը, մշակումը, հղկվածությունը, ինչն ավելի է ուժեղացնում քանդակի մոնումենտալ ընկալումը: Այդ մոնումենտալության հնչերանգը հասու է դառնում նաև հեղինակի ստեղծագործական պլաստիկական լեզվի լակոնիզմի շնորհիվ, որը միաձուլվում է գեղարվեստական հստակ արտահայտչամիջոցներին և ավելացնում կամերային նրբերանգ: Իր ստեղծած բազմաթիվ դիմաքանդակներում նա կերտել է մեծանուն մտավորականների և արվեստագետների կերպարներ: Հետաքրքրիր հոգեբանական նկարագիր ունեցող լավագույն գործերից են Արամ Խաչատրյանի, Եվգենի Սիմոնովի, Արա Սարգսյանի, Մարտիրոս Սարյանի, Դմիտրի Շոստակովիչի, Խաչատուր Աբովյանի, Էդուարդ Իսաբեկյանի դիմաքանդակները, Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի կիսանդրիները:
Նիկողոսյանի արվեստում կարևոր տեղ է զբաղեցնում նաև մոնումենտալ քանդակագործությունը. նա ստեղծել է Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց արձանները: Նիկողոսյանի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարչի` 95-ամյակը 2013 թվականին նշվեց Հայաստանի ազգային պատկերասրահում հոբելյանական ցուցահանդեսով, որի շրջանակներում հեղինակը պատկերասրահին նվիրեց մարմարյա «Մայա Պլիսեցկայա» (1956) ստեղծագործությունը:
Քանդակագործը մանկուց ունեցել է երազանք, անկատար երազանք` բալետը, դրանով է պայմանավորված նրա առանձնահատուկ վերաբերմունքն առ բալետ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պարարվեստի ուսումնարան, Երևանի օպերային թատրոնի պարախմբի անդամ է եղել, սակայն, որոշել է մեկնել Լենինգրադ, ուսումը շարունակելու Գեղարվեստի ակադեմիայում:
Ողջ կյանքի ընթացքում բազմիցս ներկայացրել է արվեստի այդ գեղեցիկ տեսակը, ստեղծել է բալետին նվիրված նկարաշար, իսկ բալետի պարուհու`Մայա Պլիսեցկայայի կերպարին անդրադարձել է դիմաքանդակի տեսքով, նախ, 1955 թվականին, իսկ այնուհետև կերտել է արդեն մեր հավաքածուում իր պատվավոր տեղը գտած այս նրբագեղ քանդակը: Քանդակագործը պարուհուն մարմնավորել է պարի տարերքի մեջ՝ որսալով շարժման պահը: Կարծր մարմարը ստացել է նրբագույն երանգ, շունչ` լուսաստվերի այն հմուտ և զգացմունքային կիրառման շնորհիվ, որը հատուկ է Նիկողոսյանին: Նա, ինչպես ինքն էր ասում, կանանց քանդակագործ է, զգում է կնոջ գեղեցկությունը և կարողանում է այն դիտողին փոխանցել իր կերտվածքների միջոցով: Քանդակագործը պարուհու դիմագծերի միջոցով արտահայտել է հանճարեղ Մայային բնորոշ ոգեղեն, քամու թեթևությանը հավասար դյուրընթաց շարժը և երաժշտության վայելքի ակնթարթը:
Նիկողայոս Նիկողոսյանը բազմաթիվ անհատական և համատեղ ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Հելսինկիում, Բրյուսելում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է»,- գրել է Մարիամ Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան