Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.6%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 1.8% հավելաճով):
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների և սպասարկման ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 2.3% և 0.2% նվազում, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, բժշկական, կապի, կրթության, կենցաղային սարքերի նորոգման ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2018թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.5% հավելաճ, իսկ 5-ում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.1%-ով: