Մաքսավճարի մասին Թրամփի որոշումը խախտում է ԱՀԿ կանոնները. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից ալյումինի և պողպատի մաքսավճարների բարձրացումը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և վնաս է հասցնում երկու երկրների հարաբերություններին։
«Ահնար է Թրամփի որոշումը համապատասխանեցնել ԱՀԿ կանոնների հետ։ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ չի կարող հասնել որևէ արդյունքի նման պատժամիջոցներով և ճնշումով»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։
Աքսոյը նաև ընդգծել է, որ Թուրքիայի դեմ ուղղված բոլոր գործողությունները պատասխան կստանան և նշել, որ թուրքական կողմը միշտ կողմ է եղել խնդիրների լուծմանը դիվանագիտության, երկխոսության, բարի կամքի և փոխըմբռնման ուղով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը երկու անգամ բարձրացրել է մաքսավճարը Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի համար։