Փաշինյան. Բա ձեր մեջի կլյաուզնիկը ե՞ս եմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի ու հարակից համայնքների բնակիչների հետ հանդիպմանը մի տղամարդ հայտարարեց, որ իրենից տարիներ առաջ կաշառք են վերցրել: Վարչապետը խորհուրդ տվեց հանդիպումից հետո գնալ դատախազություն ու հաղորդում տալ հանցագործության մասին:
«Հո ես կլյաուզնիկ չե՞մ»,-արձագանքեց իջևանցին:
«Բա ձեր մեջի կլյաուզնիկը ե՞ս եմ: Դուք ասում եք, գնացեք, իմ տված փողը հետ բերեք, ինձ վերադարձրեք, էլ ես ոչ մի բան չեմ ուզում: Կներեք, եթե դուք ասում եք կլյաուզնիկ չեմ, ես էլ կլյաուզնիկ չեմ»,-պատասխանեց Փաշինյանը:
Տղամարդը մանրամասնեց, իրենից զենք զինամթերքի համար 2 մլն դրամ կաշառք են վերցրել, բայց դրանից հետո էլ զենքը հետն են տարել:
«Թող հետ տան: Ռուսաստան բիզնես եմ ունեցել, եկել եմ այստեղ զենք եմ առել, ոչ միայն ինձ համար, այլև իմ շրջապատի համար»,-անկեղծացավ տղամարդը:
Փաշինյանն էլ հայտարարեց, որ ԱԱԾ աշխատակիցները կայցելեն քաղաքացուն, կխոսեն իր հետ, խնդրին օրինական ընթացք կտան:
Նշենք, որ մինչ քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը մարզպետարանում հանդիպել էր համայնքապետերի հետ: