Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է «Այգեհովիտի սինդրոմը»
Կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության հաղթահարումն է: Իջևանում քաղաքացիների հետ բացօթյա հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա մի պրոբլեմ է, որ մեր երկիրը ծվատում է արդեն բավական երկար ժամանակ: Ուզում եմ ասել, որ այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատելով, եկա մի այսպիսի եզրակացության՝ որ այդ երևույթը պայմանական պետք է անվանել «Այգեհովիտի սինդրոմ»»,-ասաց նա:
Փաշինյանը մանրամասնեց, որ երեկ Այգեհովիտի գյուղամիջում կանգնել են, խոսակցության բռնվել մարդկանց հետ:
«Դրանից առաջ ասում էին, պարոն վարչապետ աշխատանք չկա, աշխատատեղեր է պետք ստեղծել, որ մարդիկ աշխատեն, խոսակցության ընթացքում պարզվեց, որ հենց գյուղամիջում գտնվող հացի փռի սեփականատերն արդեն երկար ժամանակ փնտրում է երկու աշխատող, 100 հազար դրամ աշխատավարձով ու չի կարողանում գտնել: Այդ աշխատողը գյուղի համար մի շատ սովորական աշխատանք պետք է աներ, խմորի հետ գործ ունենար, գունդ աներ: «Այս իրավիճակը բացահայտում է մեր երկրի խորքային պրոբլեմներից մեկը, որին բախվեցինք նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին նվիրված մի խորհրդակցության ժամանակ»,-նշեց նա:
Վարչապետը նշեց, որ գյուղնախարարն ասել էր, որ բերքահավաքի խնդիր կա, մարդիկ չկան, որ բերք հավաքեն:
«Ես ճիշտն ասած, զարմացա: Ասացին, մարդիկ ասում են՝ գանք աշխատենք 3-4 ամիս, որ նպաստից զրկվե՞նք: Հույս ունեմ, որ այգեհովիտցիները չեն նեղանա, որ անունը դնենք «Այգեհովիտի սինդրոմ»: Դա այն է, երբ երկար տարիներ Հայաստանում վարված քաղաքականության արդյունքում երբեմն, որոշ դեպքերում աղքատությունն ու աղքատության նպաստը դառնում են գերադասելի, քան աշխատանքն ու աշխատանքով վաստակելը: Իսկապես, նման քաղաքականություն վարվել է, իշխանությանը ձեռնտու է եղել, որ մարդիկ աղքատ լինեն, հինգ հազար դրամով մարդիկ գնան քվեարկեն, ասել են, եթե մեր օգտին չքվեարկեք, ապա նպաստից կզրկվեք»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունը մարդկանց օգնելու է, որ չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու է, որ աշխատեն:
«Համոզված եմ, որ հայ ժողովուրդը ձեռք պարզող չէ, ձեռք մեկնող է, հայ ժողովուրդը ծույլ չէ, աշխատող է: Աղքատության քաջալերման քաղաքականությունը պետք է արմատախիլ արվի»,-ասաց նա: