Գերմանիայում չեղարկել են տեսախաղերում նացիստական խորհրդանիշների արգելքը
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ համարել սվաստիկայի ցուցադրման արգելքը տեսախաղերում։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ այժմ նացիստական ռեժիմի խորհրդանիշները կարելի է ցուցադրել, սակայն միայն այն դեպքում, երբ դա արդարացված է խաղի թեմատիկայով։
Ծայրահեղական խորհրդանիշների արգելքն առայժմ ուժի մեջ է, սակայն արգելք սահմանող կազմակերպությունում հայտարարել են, որ հիմա տեսախաղերին կներկայացվեն նույն պահանջները, ինչ ֆիլմերին։
Դա նշանակում է, որ ցանկացած խաղ կթույլատրվի վաճառքի, եթե արգելված խորհրդանիշները դրանում սյուժետային և դրամատիկ իմաստով հիմնավորված են։ Գերմանիայում արգելված է այն խմբերի ու կազմակերպությունների խորհրդանշանները, որոնց գործունեությունը հակասահմանադրական է ճանաչվել։ Մինչև վերջերս դա հանգեցնում էր նրան, որ Երկրորդ աշխարհամարտի թեմայով գրեթե բոլոր տեսախաղերը Գերմանիայում փոփոխված տարբերակով էին՝ առանց սվաստիկայի։