Մենք պարտավոր ենք այսօր փաստերով խոսել, ժողովուրդ ջան. Դավիթ Անանյանը՝ արտաշատցիներին
Արտաշատում բողոքի ակցիա անցկացնողների խնդիրները լսելու եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Եկել եմ տեղեկանամ խնդիրներից»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Անանյանը։
«Խանութներում ապրանք չկա, 300 հազարի ապրանք է, բայց հարկայինից գալիս 500-600 հազարի ակտ են գրում»,- նշեց հավաքվածներից մեկը։
Մասնակիցներից մեկն էլ նշեց, որ միտումնավոր տուգանքներից մարզը ճնշված է։
«Մեր գալու նպատակն այն է, որ պարզենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե չէ։ Ես հիմա առաջարկում եմ, ով կոնկրետ ինչ որ դեպք, փաստաթուղթ ունի, բարձրանանք, միասին քննենք։ Ես չեմ կարող պատասխանատվության ենթարկել, եթե չկա որևէ փաստ։ Մենք պարտավոր ենք այսօր փաստերով խոսել, ժողովուրդ ջան, ուսումնասիրել, ծառայողական քննություն իրականացնել ու որոշում կայացնել»,- ասաց Անանյանը։
Նա նշեց, որ եթե մարդիկ այստեղ հավաքվել են արդեն պետք է ծառայողական քննություն իրականացվի, բայց եթե մարդիկ ձեռքի տակ փաստեր ունեն, դրանք պետք է ուսումնասիրեն։
Այնուհետև Դավիթ Անանյանը հավաքվածներին հորդորեց գնալ, խանութները բացել և աշխատել, նրանց նկատմամբ իրականացվող վարչարարությունը կմեղմացվի, մինչև խնդրին վերջնական լուծում տալը։
Քաղաքացիները ծափահարություններով ճանապարհեցին ՊԵԿ նախագահին, ով բարձրացավ ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղ՝ քաղաքացիների խնդիրները քննարկելու համար։