Թորբյորն Յագլանդ․ Եվրոպայի տարածքում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ
Ադրբեջանի վերաքննիչ դատարանի որոշմամբ այսօր փոխվել է ReАl շարժման առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի խափանման միջոցը։ Դատարանը որոշել է Մամմադովի պատժի մնացած ժամկետը դարձնել պայմանական՝ երկրից հեռանալու արգելքով։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Մամմադովին դատարանի դահլիճից ազատ չեն արձակել։ Սպասվում է, որ նրան ազատ կարձակեն այսօր երեկոյան։
Մամմադովի ազատ արձակումը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Յագլանդի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպայում չեն կարող լինել քաղաքական բանտարկյալներ, անմեղ մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պետք է կատարվեն։
Նշենք, որ Իլգար Մամմադովը ձերբակալվել էր 2013թ․-ին ու Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում էին Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերին մասնակցություն ունենալու մեջ։ 2014թ․-ին դատարանը Մամեդովին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման։
Իլգար Մամմադովի վերաբերյալ 2014թ․-ին վճիռ էր կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նշելով, որ Մամմադովի ձերբակալությունն ու դատապարտումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Մամմադովը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելու պատճառով ու կոչ էր արել անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել Մամմադովին։
Մինչ օրս Ադրբեջանի իշխանությունները, չնայած ԵԽ նախարարների կոմիտեում բազմաթիվ որոշումներին, ազատ չէին արձակում Մամմադովին ու չէին կատարում ՄԻԵԴ վճիռը, որի հիմքով Եվրոպայի խորհուրդը դիմեց աննախադեպ քայլի՝ սկսելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման իրավական գործընթաց, որը կարող էր հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման։ Նշենք նաև, որ ԵԽ-ն այս ընթացակարգին դիմում էր իր գոյության պատմության մեջ առաջին անգամ։