Մենք որևէ բան թաքուն չենք անում. ՀՀԿ խոսնակ
«Մենք որևէ բան թաքուն չենք անում։ Եթե նման նախաձեռնություն ունենանք, ուշ թե շուտ այդ մասին կիմանաք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում ստորագրահավաք կազմակերպել հօգուտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ով երկու ամսով կալանավորվել է։
«Զենքերի վերաբերյալ՝ ոչ զենքը տարել եմ, ոչ բերել եմ, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ կապ ունեմ։ Նախաքննությունը գնում է, կան փաստաբաններ, կպարզեն, կտեսնենք»,- ասաց նա։
Իսկ Մարտի 1-ի թեմայով քննարկում եղե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նա այս ամենի առնչությամբ դիրքորոշում հայտնե՞լ է, հետաքրքրվեցին լրագրողները։
«Դիրքորոշում չի եղել, գործադիր մարմնի հայտարարություն է եղել։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի նախագահն է, և մեր բոլոր հայտարարությունների մեջ նախևառաջ տեսեք Սերժ Սարգսյանի կարծիքը»,- նշեց Շարմազանովը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը, ՀՀԿ խոսնակը նկատեց՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է այնքան շրջահայաց լինեին, որ պրոտոկոլային քայլերը կատարելուց հետո միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրեին և մեղադրանք առաջադրեին։
Իսկ ինչպե՞ս է վերաբերում փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 100 օրը պատրաստվում է ամփոփել հանրահավաքով։
՚«Քաղաքական ճաշակի հարց է, որևէ կերպ չեմ մեկնաբանում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիկ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվեց
- Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել
- ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի ներգրավվածության մասին
- Վարկած կա, որ մարտի 1-2-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքերով են կրակել. ԱԱԾ տնօրեն
- Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը