Փոխվարչապետը վստահեցրել է՝ կառավարությունը կարկուտից տուժած գյուղացուն մենակ չի թողնելու
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է օգոստոսի 10-ին կարկտահարությունից տուժած դաշտերի լուսանկարները:
Նախարարը գրել է. «Ներկայացված լուսանկարներում կարող եք տեսնել աղետի հետևանքները. առաջին երկու նկարում ամբողջապես կարկտահարված դաշտի բերքն է, մյուսներում՝ հակակարկտային ցանցով պաշտպանվածներինը։ Այս տարբերությունը ևս մի անգամ փաստում է, որ առկա ողջ պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել ավանդական` իրեն սպառած համակարգը կարկատելու, հոգեվարքը երկարաձգելու վրա:
Եվ սա վերաբերվում է բոլոր ոլորտներին»:
Նախարարը նաև մանրամասնել է, որ նկարներն արված են կողք-կողքի գտնվող 2 դաշտերում:
«Առաջին նկարում հին Հայաստանի ուրվականն է, երկրորդում` նոր, արդիական ու հզոր Հայաստանի ապագան»,- գրել է նա:
Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ` տեղում ծանոթանալու կարկտահարության պատճառած վնասներին և ներկայացնելու կառավարության մոտեցումը` գյուղացիական տնտեսություններին աջակցելու հարցում:
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ առաջին փոխվարչապետը, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներն այցելել են կարկուտից 100 տոկոսի չափով տուժած Բամբակաշատ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներ, որտեղ հիմնականում վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը և բնակելի տների տանիքները:
Նշված համայնքներում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կրած վնասի չափերը, հուզող խնդիրները։ Նրանք օգնություն են խնդրել կառավարությունից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել դրանք, ինչպես նաև հոգալ իրենց առօրյա հոգսերը:
Արարատ Միրզոյանն էլ վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը գյուղացուն մենակ չի թողնելու:
«Նախ ասեմ, որ երկարաժամկետ լուրջ լուծումներ ենք նախատեսում, այդ թվում` գյուղացիական տնտեսությունների ապահովագրում, հակակարկտային համակարգի արդիականացում և ռեալ գործարկում: Բայց նաև ստեղծված իրավիճակում լուծումներ փորձելու ենք տալ և իհարկե աջակցություն լինելու է: Վաղվանից սկսվելու են վնասի գնահատման աշխատանքները և, ըստ այդմ, կվերլուծվի իրավիճակը, պետության հնարավորությունները, և ինչ-որ չափի աջակցություն վստահաբար կլինի»,- իր խոսքում նշել է առաջին փոխվարչապետը` այնուամենայնիվ, կարևորելով խնդրի համակարգային լուծումը:
Անդրադառնալով բնական աղետների ժամանակ հակակարկտային կայանների ոչ արդյունավետ գործունեությանը, և հակառակը` ցանցային եղանակով պաշտպանության բարձր արդյունավետությանը` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ որոշ իրավիճակներում հակակարկտային կայանների գործարկումը բավականին արդյունք է տալիս, և դրանց անհրաժեշտությունը դեռևս զգացվում է: Նա կարևորել է նաև ցանցային եղանակով պաշտպանությունը` միաժամանակ նշելով, որ այն կարելի է կիրառել ոչ բոլոր մշակաբույսերի պարագայում: Կիսելով առաջին փոխվարչապետի տեսակետը` մարզպետը նաև ընդգծել է, որ պետք է գտնել կանխարգելիչ լուծումներ, այլ ոչ թե դեպքից հետո խոսել հետևանքների վերացման մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին տեղի ունեցած կարկտահարության և ուժգին քամու հետևանքով լուրջ վնաս է կրել Արմավիրի մարզի 14 համայնք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան