Այսօր էլ մարտահրավերները պակաս չեն, սակայն ավելի հասուն ենք. Շարմազանով
«Այս տարին հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար։ Լրանում է ոչ միայն Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, այլ նաև հայ իրականության մեջ առաջին խորհրդարանի 100-ամյա տարեդարձը։ Այն ժամանակաշրջանում հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած հզորագույն մարտահրավերը անվտանգության ապահովումն էր, թուրք-թաթարական էքսպանիսիային դիմակայելը»,-այսօր ԱԺ-ում «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Պատահական չէ, որ արդեն օգոստոսի 3-ին կառավարության նախագահ, վարչապետ Քաջազնունին այն ժամանակվա իրավիճակը ներկայացնում է մեկ բառով՝ կատաստրոֆային։ Փառք Աստծո, այս 100 տարվա ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել, այլևս ապրում ենք անկախ Հայաստանում։ Այսօր էլ մարտահրավերները պակաս չեն, սակայն ավելի հասուն ենք և պետք է լինենք միասնական։
Այսօր մեր առջև ծառացած ամենահզոր մարտահրավերն անվտանգությունն է, Արցախյան հիմնահարցը, և բոլորիս պետք է միավորի սերը դեպի մեր հայրենիքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց, որ ՀՀ ազգային ժողովը դեռ փետրվար ամսին ձևավորել է աշխատանքային հանձնաժողով, որի ջանքերով սեպտեմբերի 19-20-ը կկայանա մեծ միջոցառում, կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ ադրադարձ կկատարվի ՀՀ առաջին, երկրորդ և գործող խորհրդարաններին։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն իր հերթին նշեց, որ երբ խոսում են ԱԺ-ի՝ որպես ժողովրդավարություն ապահովող մարմնի մասին մասին, պարզ է դառնում, որ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, մեր առջև կանգնած են նույն խնդիրները։
«Առաջինը հայկական պետության ինքնիշխանությունն է, երկրորդը՝ ժողովրդավարությունը։ Ցավալի է, որ 100 տարի մենք առաջ չենք գնացել, վիճակը մնացել է նույնը»,- ասաց նա։