ՀՀ-ում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Փաշինյան
«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն և հավատացած եղեք՝ ՀՀ-ում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նա, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում:
«Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով: Ուզում եմ նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ ՀՀ ժողովրդի, պետականության, օրինականության առաջ: Մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, և այդ սահմանները չենք անցնելու: Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել ՀՀ պետբյուջե և ծառայեցնել ժողովրդի կարիքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է և ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի:
«Հայաստանում կա մի տեր, մի իշխանություն և դրա տերը ՀՀ քաղաքացին է: Օգոստոսի 17-ին ժ.18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ քաղաքացու իշխանության 100 օրն ամփոփելու և խոսելու հետագա հաղթարշավի, արդյունքների մասին: Բոլոր մարզերից, քաղաքներից, գյուղերից, թաղամասերից, բակերից եկեք Հրապարակ: Հայ ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել` փորձ անգամ անել այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից, և օգոստոսի 17-ին ժողովուրդը դա ցույց կտա»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան