«Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հուլիսի 27-ից կալանավորված էր, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը: Այսինքն՝ ոչ թե փոխվել է նրա խափանման միջոցը, այլ այն պարզապես վերացվել է: Մասնագետները, սակայն, պնդում են՝ անձեռնմխելիությունը չի գործում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում: Այս առումով պատահական չէ, որ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը որակել է ապօրինի: ՀՔԾ պնդմամբ` դատարանը դուրս է եկել լիազորություններից: Միաժամանակ ՀՔԾ-ն մարմինը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք այդ հարցը կքննարկեն որոշումը ստանալուց հետո, և այդ ժամանակ պարզ կլինի իրենց քայլերը: Ինչևէ, սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի որոշմանը հասարակությունը խիստ բացասաբար կարձագանքի. երեկ դժգոհությունների, քննադատությունների տարափ էր:
Մանավանդ, նախկին նախագահին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1998-1999 և 2001-2006թթ, աշխատել է նրա աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ: Ու տեսակետ կա, որ նրա որոշման վրա հենց այդ հանգամանքն է դեր խաղացել:
Սակայն անկախ Քոչարյանին ազատ արձակելուց` նկատենք՝ նա մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում: Ասել է թե` տեղի ունեցածը դեռ չի նշանակում, որ ազատ արձակվելուց հետո նա պատասխանատվության չի ենթարկվի: և հետո, նրան 17 օր կալանքի տակ պահելով, ըստ էության, նոր իշխանությունները ցույց տվեցին, որ անձեռնմխելի մարդիկ չկան, և որ անգամ նախկինում նախագահի կարգավիճակը կալանքից և պատասխանատվությունից ազատվելու երաշխիք չէ: Մեկ փաստ էլ. չնայած հասարակության մի զանգված չընդունեց երեկ տեղի ունեցածը, բայց այն մեկ այլ դրական նշանակություն էլ ունի. այսպես ցույց տրվեց, որ դատական իշխանությունը նախկինի նման չի առաջնորդվում գործող իշխանության թելադրանքով, այլապես հազիվ թե Քոչարյանին ազատ արձակեին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին