Սահմանադրական կարգի տապալումն ամենածանր հանցագործությունը չէ. Հայկ Ալումյան
«Եթե պարոն Քոչարյանը ասուլիս էր նախատեսել և զգար, որ կարիք կա՝ փաստաբաններն այդ ասուլիսին ներկա լինեն, նա մեզ կասեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հարցին՝ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, փաստաբանը նշեց. «Մենք քննարկում ենք այն հարցը, թե արդյոք չարժե՞ բողոքարկել Վճռաբեկ դատարան մեր կողմից։ Որովհետև վերաքննիչ բողոքի մեջ ունեինք այնպիսի փաստարկներ, որոնք, անձամբ իմ գնահատմամբ, շատ ավելի հիմնավոր փաստարկներ էին, քան անձեռնմխելիության հետ կապված փաստարկը։
Սա ևս շատ, չափազանց հիմնավոր փաստարկ է և ինքն իրենով բավարար է, որպեսզի անձին ազատ արձակեն։ Բայց, դրանից բացի, մենք ունեինք շատ լուրջ առնվազն երկու փաստարկ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել նաև Վճռաբեկ դատարանին։ Սա դեռ վերջնական որոշում չէ փաստաբանների կողմից»,- ասաց Հայկ Ալումյանը։
Հաջորդ հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահի վրայից մեղադրանքն ամբողջությա՞մբ կհանվի՝ հաշվի առնելով վերջինիս անձեռնմխելիությունը, պաշտպանը նկատեց. «Հանարությունը պետք է լավ պատկերացնի, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ 10 սպանությունների կամ գոնե մեկ սպանության համար։ Դրա շուրջ հիմա շատ սպեկուլյացիաներ են գնում։ Տպավորություն է, որ նրան մեղադրում են 10 հոգու սպանության մեջ, և դատարանը նրան բաց է թողել, քանի որ նա անձեռնմխելիությունից է օգտվում։ Պարոն Քոչայանին մեղսագրվում է սահմանադրական կարգի տապալումը։ Իսկ Քրեական օրենսգրքի մեջ սահմանադրական կարգի տապալումն ամենածանր հանցագործությունը չէ։ Քրեական օրենսգրքում կան հանցագործություններ, որոնք շատ ավելի ծանր են համարվում, քան սահմանադրական կարգի տապալումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան