Նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել. Շիրինյան
«Նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել։ Նախկինում երբեք կուսակցություն հիմնադրելու տրամադրություններ չեմ ունեցել, սակայն գաղափարակից ընկերներով եկանք եզրակացության, որ պետք է նման գործ սկսենք»,- Հայաստանի քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Մենք կարծում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքներն անպայմանորեն պետք է ռեալիզացվեն։ Երկրորդ, թավշյա հեղափոխության հռչակած նպատակները պետք է դառնան ուղենիշային մեր պետականության համար։ Մենք հստակ կանգնում ենք ՀՀ անկախության և ազգային պետականության կերտման տեսակետի վրա։ Չորրորդ հանրապետությունը իրական Հայաստանի վերածնունդն է լինելու։
Մեզ մոտ եղել է մի վիճակ, երբ չունենալով լավ քաղաքական-գաղափարական կառույցներ՝ գնացինք դեպի վարչապետություն, ինչը կուսակցական համակարգի չկայանալու դեպքում շատ վտանգավոր է։ Որոշել ենք զբաղեցնել խորհրդարանական քաղաքական համակարգի աջ-կենտրոն դիրքորոշմամբ տեղը»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ իրենց տեսակետը բաժանող յուրաքանչյուր անձ կարող է համալրել ստեղծվելիք կուսակցության շարքերը։
Նրա խոսքով, իրենք որոշել են գնալ նոր լույսի՝ քրիստոնեության լույսի տակ ավանդույթների վերականգնման ճանապարհով։ Նրա պնդմամբ, Հայաստանն օլիգարխիկ երկիր չպետք է լինի, օլիգարխիան պետք է ոչնչացվի։
«Գործելու ենք երկու սկզբունքի հիման վրա՝ քաղաքական կոնսենսուս ԱԺ բոլոր ուժերի հետ և սոցիալական գործընկերություն»,- շեշտեց քաղաքագետը։
Նախաձեռնող խմբի անդամ, իրավագիտության թեկնածու Վարդան Այվազյանն իր հերթին նկատեց, որ ստեղծվելիք կուսակցությունը որակապես նոր քաղաքական ուժ է լինելու։
«Երբևէ պետության կամ քաղաքական իշխանության մակարդակով խնդիր չի դրվել ապահովելու պետականության որակականությունը։ Այս խնդիրը չդնելու պարագայում չի դրվել նաև կուսակցությունների որակականության խնդիրը, և որպես հետևանք ունեցել ենք այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական կուսակցությունները ծառայել են ոչ թե պետության շահերին, այլ եղել են առանձին անձանց շահերը սպասարկող կենտրոններ։
Ինչ վերաբերում է պետությանը և հասարակությանը, ապա դրանք չպետք է դուրս գան իրենց էության շրջանակներից։ Սա է մեր հիմնական խնդիրը։ Մեր կուսակցությունը նպատակ չի հետապնդում գլխաքանակով ապահովել իր ազդեցությունը։ Մեր կուսակցության մեջ մենք դնում ենք որակականության չափանիշը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իրենք հասարակությանը սին խոստումներ չեն տալու։