34 մլն եվրո ներդրում՝ աջակցելու նորարարական 14 ծրագրերի ավելի արագ ելքը դեպի շուկա
Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո աջակցություն կտրամադրվի 14 բարձրակարգ ծրագրերի, որպեսզի նրանց նորարարական գաղափարներն ավելի արագ դուրս հանվեն դեպի շուկաներ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ ծրագրերից յուրաքանչյուրին կհատկացվի 2 մլն եվրո՝ Հորիզոն 2020 գործիքով ֆինասավորվող ԵՆԽ պիլոտային նախաձեռնության «Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչի շրջանակներում:
Նշյալ 14 ծրագրերում ներգրավված են 59 գործընկերներ, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկություններ, արդյունաբերական գործընկերներ, համալսարաններ և ոչ առեւտրային կազմակերպություններ՝ 18 երկրներից: Վերոնշյալ ֆինանսավորման և բիզնեսի արագացման (ակսելերացիայի) լրացուցիչ աջակցության շնորհիվ ծրագրերը կստանան ֆինանսավորում իրենց շուկայամետ նորարարական գործունեության համար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ընտրյալ ծրագրերի շարքում են՝ կրկնօգտագործման տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր կլինի հնամաշ անվադողերից ստանալ ռետին և որպես չմշակված կաուչուկի փոխարինող կիրառել արտադրական հոսքագծերում, ատրի ֆիբրիլյացիա խրոնիկ ախտանիշի բուժման համակարգ, հետախուզական արհեստական գործիք, որը կբարելավի տեսանյութի որակը և կսահմանափակի վեբ-հոսքերի ինտերնետի տրաֆիկը, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի պայմաններում արդյունաբերության մեջ կիրառելի Stirling - շարժիչով ջերմային պոմպեր:
«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչը, որի թիրախն են նոր շուկաներ ստեղծող արմատապես նոր և նորարարության ամենաթարմ բացահայտում հանդիսացող ապրանքներ, ծառայություններ, գործընթացներ և բիզնես մոդելներ, կազմում է Եվրոպական նորարարության խորհուրդ պիլոտային նախաձեռնության առանցքային մասը:
Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսավորում այնպիսի կոնսորցիումների, որոնք բաղկացած են 3-ից 5 գործընկեր անձերից, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), արդյունաբերական մասնակիցներից, հետազոտական կենտրոններից, համալսարաններից, կլաստերային կազմակերպություններից, արդյունաբերական ասոցիացիաներից, ինկուբատորներից, ներդրողներից և պետական հատվածից: Ծրագիրը նախատեսված է համեմատաբար հասուն, բացահայտում հանդիսացող և շուկային մոտ տեխնոլոգիաների, կոնցեպտների և բիզնես մոդելների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու բիզնեսի վարման և արագացման (ակսելերացիայի) անվճար ծառայություններից:
«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչով հայտերի ներկայացման համար սահմանված առաջին վերջնաժամկետի՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ Եվրոպական հանձնաժողովը ստացել էր 2016 առաջարկ: Հաջորդ վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 23-ն է: