Բայց իմ ծնունդն այս աշխարհում դժվար եղավ անասելի. Վահագն Դավթյանի ծննդյան օրն է
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Դժվար եղավ անասելի:
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Հրաշք եղավ,
Հեքիաթ եղավ չհնարված:
Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնվեմ,
Բայց ծնվեցի...
Այսօր մեծանուն գրող Վահագն Դավթյանի ծննդյան օրն է:
Բանաստեղծը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որր ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով, 1932թվ.-ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում,հայրը ավելի ուշ է միացնում իրենց: Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։
1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Տպագրվել սկսել է 1935 թվականից: «Առաջին սեր» (1947), «Աշխարհի առավոտը» (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ:
«Ճանապարհ սրտի միջով» (1952) պոեմը նվիրված է Սովետական Միության Հերոս Ու. Ավետիսյանի հիշատակին: «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Գինու երգը» (1966) և այլ բանաստեղծություններում հեղինակը խորը ներթափանցում է ժամանակակցի բարոյական աշխարհը: Քաղաքացիությամբ և քնարերգությամբ է ողողված «Թոնդրիկցիներ» պատմական վեպը, որը գրվել է 1961 թվականին, նվիրված է միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին:1969 թվականին տպագրեց «Ծուխ ծխանի» պատմական վեպերի գիրքը:
Թարգմանել է Ա.Ս. Պուշկինի, Ս.Ա. Եսենինի, Շ. Պետեֆիի, Ա.Բլոկի, Ա.Կիրակոսյանի բանաստեղծություններից և վեպերից:
Վ. Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը։
Վախճանվել է 1996 թվականին։
ՈՒրիշ է բախտը բանաստեղծների...
Այդ նրանց ցավն է,
Որ դառնում է փառք,
Դառնում է անուն:
ԵՎ որքան խորն են վերքերը նրանց,
Այնքան նրանցով խորն են հիանում...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ: Դավթյանի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները, ասքերը: Գրել է ակնարկներ հրապարախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր:
«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»,- Վահագն Դավթյանի մասին գրել է Ավետիք Իսահակյանը:
Իսկ նրա ընկերը՝ Համո Սահյանը մի առիթով ասել է, որ որ սիրում է 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, սակայն խանդում է միայն Վահագն Դավթյանին, քանի որ նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որը, ըստ Սահյանի, մեծ տաղանդ է նշանակում։
«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի- հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: Եվ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը... Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում»,- գրել է Համո Սահյանը: