Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ. Հրանտ Մարգարյան
«Երկրում ինչ տեղի է ունենում, բոլորն են պատասխանատու՝ ուղղակի կամ անուղղակի»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք 2008 թվականի մարտին իշխանության մաս կազմած Դաշնակցությունն իրեն պատասխանատու զգում է Մարտի 1-ի 10 զոհերի համար։
«2008 թվականի մարտի 1-ին մենք բավական հեռավորության վրա էինք, որովհետև նախագահական ընտրություններին մասնակցել էինք սեփական թեկնածուով և նախընտրական պրոցեսներում մենք հեռու էինք կանգնած, մրցակից էինք։ Մենք զգում էինք, որ դեպքերը տանում են դեպի առճակատում, հայտարարություն ենք հրապարակել, որ այդ ճանապարհով չպետք է գնալ։
Մարտի 1-ը մեր ողբերգությունն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու՝ թե այս, թե այն կողմը։ Ես չեմ ընդունում, երբ նախկինները միայն մի կողմին էին ձերբակալում և հարցաքննում, իսկ հիմիկվանները՝ միայն մյուս կողմին։ Այս տեսակ քննություն չի լինում, բայց Մարտի 1-ը մեզ դաս է եղել։ Դրա ապացույցն այն է, որ այդ օրը բարիկադներ սարքող և այդ ձևով հեղափոխություն անողները 2018 թվականին ձեռքերը վեր հեղափոխություն կազմակերպեցին։ Սրանով նրանք ասեցին, որ այն ժամանակ սխալ են եղել։ Իշխանությունը, որ նախորդ անգամ կրակում էր, այս անգամ չկրակեց, այլ հանձնվեց առանց արյուն թափելու»,- նշեց դաշնակցական գործիչը։
Դաշնակցական գործչի խոսքով, Մարտի 1-ն այլևս չպետք է մեզ խանգարի, մարդկանց միջև թշնամանք սերմանի։ Մեղավորներ պետք է փնտրել և գտնել այնպես, որ երկրում թշնամական մթնոլորտ չստեղծվի։
«Նոր Հայաստանը պետք է կազմավորվի ժողովորդավարության հասկացողության վրա։ Պետք վստահության մթնոլորտ ստեղծվի։ Մեզ հիմա ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություն եք դրել։ Մի՞թե իր ժամանակ չենք դրել։ Այ ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու համար դաշնակացական պատգամավորները ստորագրություն են դրել, ինչո՞ւ է մոռացվում»,- հարց ուղղեց նա։
Հրանտ Մարգարյանի խոսքով, 2008-ին երկիրը թուլացավ, դրան նպաստեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը։
Հարցին՝ կարծո՞ւմ է, որ նախկին իշխանությունները ճնշում էին բանեցնում դատական իշխանության վրա՝ չբացահայտելու Մարտի 1-ի գործը, նա շեշտեց՝ տրամաբանական առումով դա հավանական է թվում։ Իսկ կարծո՞ւմ է , որբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հարցին ՀՅԴ անդամը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր երկրին վայել չէ այսպես խայտառակել նախագահական ինստիտուտը։ Նախագահական ինստիտուտ մեր երկրում պետք է հարգվի։ Պետք չէ անցյալն այնպես խառնել իրար, որ մեր այսօրվա և վաղվա կյանքը վտանգվի»։
Լրագրողի հարցին՝ ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ, Մարգարյանը պատասխանեց. «Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել»։
Ճշգրտող հարցին՝ այդ թվում Քոչարյանի՞, դաշնակցական գործիչը մանրամասնեց. «Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»։
Անգամ հաշվի առնելով 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը, ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը հարցին էլ ՀՅԴ անդամն ասաց. «Ես Մարտի 1-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնացեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան